Նիգերական Բաուչի քաղաքում, հուլիսի 22-ին, պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել է մեկ մարդ, 10-ն էլ վիրավորվել են:
Ինչպես հաղորդում է BBC Russian-ը, ռումբը պայթել է այն թաղամասում, որտեղ կան բազմաթիվ բարեր եւ ժամանցային այլ հաստատություններ:
Իսլամական «Բոքո հարամ» խմբավորումը նախկինում հայտարարել էր, որ երկրի այդ մասում գործում են շարիաթի օրենքները, որոնք արգելում են ալկոհոլի օգտագործումը: Այդ ահաբեկչության պատասխանատվությունը դեռեւս ոչ ոք չի ստանձնել, սակայն տեղական իշխանությունները կասկածում են հենց «Բոքո հարամի» գրոհայիններին:
Նշենք, որ վերջին ամիսներին Նիգերիայում բռնությունների ալիք է տարածվել, որի հետեւում կանգնած է հենց «Բոքո հարամ» իսլամական խմբավորումը: «Բոքո հարամի» գրոհայինները փորձում են հասնել շաիաթի տարածմանը ամբողջ Նիգերիայի տարածքով: Իսլամականները ակտիվացել էին այն բանից հետո, երբ նախորդ տարվա գարնանը երկրի նախագահ էր դարձել քրիստոնյա Գուդլաք Ջոնաթանը:
«Բոքո հարամը» ստեղծվել է 2003 թվականին, այն ծայրահեղական խմբավորում է, պայքարում է քրիստոնյաների եւ նույնիսկ չափավոր մահմեդականների դեմ: Կազմակերպությունը պարբերաբար ահաբեկչություններ է իրականացնում քիստոնյաների դեմ, հիմնականում կրոնական տոների ժամանակ:




























