Իսպանիայի հյուսիս-արեւելքում գտնվող Կատալոնիայի նահանգում անտառային հրդեհների հետեւանքով զոհվել է 3 մարդ, եւս 17-ը տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել:
Ինչպես Associated Press-ին վկայակոչելով հաղորդում է rbc-ն, մի դեպքում մահվան պատճառ է դարձել հրդեհը հանգցնելիս տեղի ունեցած սրտի կաթվածը, իսկ մյուս 2-ն էլ մահացել են` կրակից փրկվելու համար օվկիանոս նետվելիս: Ուժեղ հրդեհները նաեւ տրանսպորտային խնդիրներ են ստեղծել: Հրդեհային ծառայության հաղորդագրութան մեջ ասվում է, որ Իսպանիան Ֆրանսիային կապող հիմնական ավտոճանապարհային մայրուղին փակ է:
Տեղի իշխանությունները հայտարարել են, որ անտառային հրդեհները բռնկված են 7 հազար հա տարածքում: Բնակիչներին եւ զբոսաշրջիկներին հորդորվում է մնալ տներում` մինչեւ իրադրության կարգավորումը: Հրդեհների դեմ պայքարի համար ուղարկվել է ավելի քան 80 հրշեջ-փրկարարական ջոկատ:




























