Ֆրանսիայի հայկական համայնքի առաջին հանդիպումը երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ, հավանաբար, տեղի կունենա մինչեւ հուլիսի 31-ը: Այս մասին «Արմենպրեսս»-ին տեղեկացրել է ՀՅԴ Հայ դատի Ֆրանսիայի ատենապետ Հրաչ Վարժապետյանը` նշելով, որ կոնկրետ օրվա վերաբերյալ քննարկումները շարունակվում են:
Նախագահի հետ հանդիպմանը քննարկվելու է միայն մեկ` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը եւս մեկ անգամ խորհրդարան բերելու հարցը: «Օլանդը տասն օր առաջ մեկ անգամ եւս վերահաստատեց, որ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին այս օրինագիծը պետք է ներկայացվի Ազգային ժողովում»,-նշել է Վարժապետյանը: Նրա խոսքով` ընթացակարգը նույնն է լինելու` քննարկում ԱԺ-ում, ապա` Սենատում, որից հետո նախագահը պետք է վավերացնի այն, առանց սպասելու, որ բողոքարկվի եւ ուղարկվի Սահմանադրական խորհուրդ:
Անդրադառնալով լուրերին, ըստ որոնց` Օլանդը չի պատրաստվում պահելու իր նախընտրական խոստումը, Վարժապետյանը հավաստիացրել է, որ այդ ամենը թուրքական մամուլի ձեռքի գործն է: «Ցավալի է, որ երբեմն հայկական եւ սփյուռքի մամուլը տարածում են այդ լուրը` առանց ստուգելու ապատեղեկատվություն է այն, թե` ոչ: Թուրքիայի կողմից նման լուրերի տարածման նպատակն է` խոչընդոտելու հայ համայնքի բարիդրացիական հարաբերությունները նախագահ Օլանդի հետ»,-շեշտել է Վարժապետյանը: Ատենապետի համոզմամբ` Թուրքիան ցանկանում է նաեւ խարխլել ֆրանսիահայ համայնքի ներքին միասնության հիմքերը: «Երկու դեպքում էլ իրենց նպատակներն իրագործել չի հաջողվի, քանի որ Թուրքիայի առաջ քաղաքական փորձ ունեցող հայ համայնքի ղեկավարությունն է: Մենք շարունակում ենք մնալ վճռական եւ համոզված, որ Ֆրանսուա Օլանդն իրականացնելու է նախընտրական իր խոստումը, եւ վաղ թե ուշ այդ օրինագիծը Ֆրանսիայի Հանրապետության տարածքում վերածվելու է օրենքի»,-ընդգծել է Վարժապետյանը:
Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը փետրվարի 28-ին հակասահմանադրական էր ճանաչել Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը: Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը 2011թ-ի դեկտեմբերի 22-ին ընդունվել էր երկրի Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ձայների ճնշող մեծամասնությամբ: 2012թ-ի հունվարի 23-ին օրինագիծը հաստատեց Ֆրանսիայի Սենատը: Օրինագծի ուժի մեջ մտնելուց հետո Ֆրանսիայի տարածքում Հայոց ցեղասպանության ժխտման համար կսահմանվեր մեկ տարի ազատազրկում կամ 45 հազար եվրո տուգանք:




























