Վայոց Ձորում ավտոմեքենան շրջվել է ձորը եւ այրվել, ինչի հետեւանքով երկու ուղեւորներ այրվածքներ տեղափոխվել են հիվանդանոց, իսկ երկուսը ավտոմեքենայի մեջ այրվել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ոստիկանությունից:
Նրանց փոխանցմամբ` հուլիսի 22-ին ժամը 22.40-ին հաղորդում, է ստացվել, որ Վայոց Ձորի Սարավան գյուղի մոտակայքում ավտովթար է տեղի ունեցել եւ ավտոմեքենա է այրվում: Նույն օրը ժամը 23.30-ին Վայքի հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ ավտովթարի հետեւանքով ստացած այրվածքներով հիվանդանոց են տեղափոխվել երկու անձինք: Պարզվել է, որ նույն օրը ժամը 22.30-ի սահմաններում Երեւան-Մեղրի ճանապարահի 166-րդ կմ «Ռենո» մակնիշի (տաքսի) ավտոմեքենան շրջվել է ձորը եւ այրվել, ինչի հետեւանքով երկու ուղեւորներ այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ երկու հոգի, որոնց ինքնությունը դեռեւս չի պարզվել, ավտոմեքենայի մեջ այրվել եւ մահացել են: Կատարվում է նախաքննություն:
Իսկ Արտակարգ իրավիճակների նախարարությունից NEWS.am-ին հայտնեցին, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պատահարի հետեւանքով Երեւանի բնակիչներ` վարորդ, 35-ամյա Արթուր Սարգսյանը եւ ուղեւոր` 38-ամյա Արեւիկ Գրեյանը տարբեր այրվածքներով տեղափոխվել են Վայքի հիվանդանոց, իսկ այնուհետեւ` «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ: Ըստ բժիշկների` Ա. Գրեյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ Ա. Սարգսյանինը` միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները մեքենայից դուրս են բերել Երեւանի բնակիչներ` 41-ամյա Քրիստինե եւ 11-ամյա Արթուր Դանիելյանների այրված դիերը եւ հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին:
Լուսանկարը` Էդվարդ Արզումանյանի




























