Վրացական ընդդիմությունը երկրի վարչապետ Վանո Մերաբիշվիլիին առաջարկել է իրենց կողմն անցնել, հաղորդում է «ՎԶԳԼՅԱԴ»-ը:

«Մերաբիշվիլին դեռեւս այլ ուղի ընտրելու  հնարավորություն ունի», - հայտարարել է  «Վրացական երազանք» ընդդիմադիր կոալիցիայի նախագահ Դավիթ Սագանելիձեն: 

Ըստ նրա` այդ դեպքում «հանրությունն աչք կփակի բազմաթիվ սխալների եւ նույնիսկ հանցագործությոնների վրա», որոնք նախկինում Մերաբիշվիլին թույլ էր տվել ՆԳՆ-ի նախարարի պաշտոնում:

Ընդդիմադիրը կարծում է, որ Նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Մերաբիշվիլիին  վարչապետի պաշտոնին է տեղափոխել, քանի որ վերջինս չէր ցանկանա ուժ կիրառել ժողովրդի դեմ հոկտեմբերին  խորհրդարանական ընտրությունների ժամանակ իշխանությունների պարտության դեպքում:

«Մենք պատրաստվոմ ենք նոր խորհրդարան գալ մեծամասնությամբ: Դա տեսնելով` Սահակաշվիլին  կարող է ցանկանալ ուժ կիրառել ժողովրդի նկատմամբ», - հայտարարել է Դավիդ Սագանելիձեն:

Ավելի վաղ կոալիցիայի առաջնորդ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին դրական էր արտահայտվել Մերաբիշվիլիի կառավարչական հատկանիշների վերաբերյալ: