Սանիտարական ոչ պատշաճ վիճակի պատճառով, Երեւանում երթուղիներից դուրս է բերվել 12 մեքենա, ընթացքի մեջ է Երեւանի ներքաղաքային ավտոբուսային եւ միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը: Այս մասին նշվել է այսօ` հուլիսի 23-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
Հասարակական տրանսպորտի կանգառներում էլեկտրոնային չվացուցակների համակարգերի տեղադրման հետ կապված` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է փորձարկել պիլոտային ծրագիրը, որպեսզի արդեն աշնանը երթուղային նոր ցանցի շահագործմանը զուգահեռ գործարկվի ամբողջական համակարգը:
Մայրաքաղաքի տարածքում վերանորոգման ենթակա շատրվանների վերագործարկման աշխատանքների մասով` զեկուցվել է, որ ավարտվել են Գլխավոր պողոտայի տարածքում գտնվող շատրվանների վերագործարկման, ինչպես նաեւ հարակից տարածքի բարեկարգման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում են մայրաքաղաքի կենտրոնական փողոցների, այգիների ու պուրակների ցայտաղբյուրների վերանորոգման ու վերագործարկման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է ծրագրում ներառել նաեւ բակային տարածքներում գտնվող ցայտաղբյուրները:
Անդրադառնալով վարչական շրջաններ-համատիրություն համատեղ ծրագրով իրականացվող բազմաբնակարան բնակելի շենքերի շքամուտքերի վերանորոգման աշխատանքների ընթացքին` կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ արդեն վերանորոգվել է 776 շքամուտք: Զեկուցվել է նաեւ, որ աշխատանքների որակի ապահովման նպատակով կատարվում են ստուգայցեր եւ հայտնաբերված թերությունները տեղում վերացվում են:
Զեկուցվել է, որ արդեն ավարտվել է մայրաքաղաքի շենքերի ճակատային հատվածների մաքրման եւ ներկման 2012թ.-ի ծրագիրը: Քաղաքապետը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ` դիտարկելու կատարած աշխատանքների որակը:
Հանձնարարվել է մաքրել բազմաբնակարան շենքերի պատերին եւ հասարակական նշանակություն ունեցող այլ վայրերում փակցված հայտարարություններն ու պաստառները եւ առաջարկություն ներկայացնել սահմանազատված վայրերում հայտարարությունների համար համապատասխան ցուցատախտակներ տեղադրելու վերաբերյալ:
Շինարարության եւ բարեկարգման վարչության պետը զեկուցել է, ներկվել ու պատշաճ տեսքի են բերվել մայրաքաղաքի վերգետնյա անցումները, զուգահեռաբար շարունակվում են նաեւ վերգետնյա 7 նոր անցումների կառուցման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է համապատասխան միջոցներ ձեռնարկվել նախորդ տարիներին կառուցված վերգետնյա անցումների սալահատակների ասֆալտապատման ուղղությամբ` անձրեւների եւ հալոցքների ժամանակ ավելորդ անհարմարություններից խուսափելու նպատակով:
Բնապահպանության վարչության պետին հանձնարարվել է հնարավորին կարճ ժամկետում ավարտել ծառերի բուժման գործընթացը:
Երեւանի գիշերային լուսավորության շրջանակում գեղարվեստական լուսավորությամբ կձեւավորվեն նաեւ կենտրոնական մի շարք փողոցների ծառերը:
Հանձնարարվել է գույքագրել Երեւանի քաղաքապետարանի ենթակայության «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն շարժակազմը:
Էրեբունի-Երեւան տոնակատարությունը մեծ շուքով նշելու նպատակով հանձնարարվել է ստեղծել աշխատանքային խումբ:




























