Հայաստանը պետք է խստացնի դիրքորոշումը սիրիական հարցի վերաբերյալ եւ կտրուկ հանդես գա այդ երկրում ցանկացած ռազմական միջամտության դեմ: Այդ մասին, այսօր` հուլիսի 23-ին, Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը: Ըստ նրա`  Սիրիայի ներկայիս  իրավիճակը բացասական հետեւանքներ կարող է ունենալ ամբողջ տարածաշրջանի եւ մասնավորապես Հայաստանի համար` չհաշված Սիրիայի հայ բնակչությանը:  

Ասուլիսի մյուս մասնակցի` Սեւծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից Անդրեյ Արեշեւի հետ նրանք համակարծիք են եղել, որ  սիրիական սցենարի ներկայիս զարգացումըփոխանցվելու է Իրանին:  «Արեւմուտքն այսօր ուղղվել է Իրանի դեմ, եւ այդ առումով մտադիր է օգտագործել Ադրբեջանին, որը հարմար հարթակ կարող է տրամադրել ԻԻՀ-ի դեմ հարձակման համար: Այդ սցենարի իրականացման համար Արեւմուտքը, հնարավոր է, Ադրբեջանի համար որպես վարձատրություն է  դիտարկում Լեռնային Ղարաբաղը», - նշել է Ալեքսանդրովը` ընդգծելով, որ այդ սցենարը միանգամայն իրական է, եւ այն չի կարելի բացառել:

Պատասխանելով հարցին, թե չի կարող արդյոք Արեւմուտքը սիրիական հարցով հայկական դիրքորոշման խստացման դեպքում էլ ավելի հակվել Լեռնային Ղարաբաղը ապագայում փոխանակման մետաղադրամի վերածելուն, փորձագետը նշել է, որ այսօր ԱՄՆ-ն, Եվրոպան եւ նրանց դաշնակիցները առանց այդ էլ աջակցում են Ադրբեջանին զարաբաղյան հարցում:

«Նրանք դա քողարկված են անում, կսկսեն անել բացահայտ: Ձեզ համար տարբերություն կա՞, թե ինչպես նրանք դա կանեն», - ընդգծել է Ալեքսանդրովը:

Անդրեյ Արեշեւը, լրացնելով գործըկերոջը, նշել է, որՌուսաստանի դիրքորոշումն այդ հարցում արմատապես տարբերվում է արեւմտամետ ուժերի դիրքորոշումից:

«Ռուսաստանին ոչ մի դեպքում ձեռնտու չէ Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացումը: Կարծում եմ, դա բոլորն են հասկանում: Միաժամանակ, Արեւմուտքի գործողությունները  Հարավային Կովկասը Մեծ Մերձավոր Արեւելքի իրավիճակին են հանգեցնում, որտեղ այսօր բռնությունն է եռում», - ասել է նա: