Ղարաբաղյան հիմնախնդրի գոտում պատերազմական գործողությունների դեպքում Ռուսաստանը ռազմական միջամտություն չի կատարի, սակայն քաղաքական-իրավական հարթությունում ցանկացած ջանք կգործադրի, որպեսզի դադարեցվեն ռազմական գործողությունները: Այդ մասին, հուլիսի 23-ին, Երեւանում կայացած մամուլի աուլիսում հայտարարել է Սեւծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից Անդրեյ Արեշեւը:
Սակայն, ըստ Արեշեւի, ռազմական գործողությունները տեղայնացնելը նման փոքր տարածքում այնքան էլ հավանական չի լինի:
«Բացի դրանից, կա պաշտոնական դիրքորոշում, եւ կան իրականությանն ավելի մոտ պահանջներ, եւ հրամանատարը ռազմաճակատում պատասխանատու պահին այնքան էլ չի մտածի պաշտոնականության մասին», - բազմանշանակ ասել է նա:
Ասուլիսի մյուս մասնակից ԱՊՀ երկրների ինստիտուտի քաղաքագետ, փորձագետ Միխայիլ Ալեքանդրովն ընդգծել է, որ ռազմական գործողություններն այս կամ այն չափով կառնչվեն նաեւ Հայաստանի տարածքին: Նա ընդգծել է, որ Հայաստանը Ղարաբաղին ռազմական աջակցություն կցուցաբերի, եւ այդ ժամանակ Ադրբեջանն ստիպված կհարվածի Հայաստանին, այլապես նրա ամբողջ ենթակառույցը կոչնչացվի: «Այդ ժամանակ էլ կակտիվանա ՀԱՊԿ-ի մեխանիզմը», - նշել է Ալեքսանդրովը:
Պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ինչպես պետք է այսօր Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղն արձագանքեն Ադրբեջանի կողմից սադրանքներին, Ալեքսանդրովը նշել է, որ հայկական կողմի պատասխան հարվածը պետք է ուժով գերազանցի ադրբեջանականին: «Եթե ագրեսորը միշտ համահավասար պատասխան ստանա, ապա կշարունակի իրեն ոչ ադեկվատ պահել: Ագրեսիան պետք է ճնշել», - նկատել է նա:




























