Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը բացասական եզրակացություն է պատրաստել «Լուսակերտ բիոգազ փլանթ» ընկերությանը ավելացված արժեքի հարկի վճարման հետաձգում տրամադրելու հայտի վերաբերյալ:

«Լուսակերտ Բիոգազ Փլանթ» ընկերությունը գործում է 2008 թվականից եւ վերամշակում է «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ընկերությունում առաջանող արտադրական թափոնները` թռչնաղբը: Վերամշակման արդյունքում առաջացած  կենսագազն օգտագործվում է էլեկտրաէներգիա ստանալու համար, ինչի արդյունքում կրճատվում է  մթնոլորտ արտանետվող ջերմոցային գազերի քանակը:

Ընկերությունն իր սարքավորումները ներկրել է 2008թ. , սակայն այդ ժամանակ դիմել է ոչ թե ավելացված արժեքի հարկի տարկետում ստանալու, այլ «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը երկարաձգելու համար: Կառավարությունը երկու անգամ ընդառաջ է գնացել այդ խնդրանքին, ինչի շնորհիվ մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգված է մինչեւ 2012 թ. հոկտեմբերը:

Հիմա «Լուսակերտ Բիոգազ Փլանթ»-ը դիմել է ավելացված արժեքի հարկի վճարման տարկետում ստանալու համար, սակայն ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում պարզաբանել են, որ այդ արտոնությունը կարող է գործել միայն սարքավորումների ներմուծման պահից: Իսկ դա նշանակում է, որ 3 տարին արդեն լրացել է, ու զուտ իրավական տեսանկյունից արտոնության տրամադրումը հնարավոր չէ:

Ընկերության մերժումը վերջնականապես կհաստատվի ՀՀ կառավարության հուլիսի 26-ի նիստում: