Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը բարձրացնում է Ադրբեջանի արժեքը Ռուսաստանի աչքում եւ Բաքվի կողմից խելամիտ չի լինի աղբարկղը նետել այդ գործոնը: Այս մասին, այսօր` հուլիսի 23-ին, Երեւանում, մամուլի ասուլիսում նշեց քաղաքագետ, ԱՊՀ երկրների երկրների ինստիտուտի փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը:
Մյուս կողմից, ըստ նրա, եթե բաքուն շարունակի պնդել նախկինում ՌԴ-ի կողմից Գաբալայի ՌԼԿ-ի վարձակալման իր նախկին պայմանները, ապա Ռուսաստանի մնալը Ադրբեջանի տարածքում ներկա կարգավիճակով քիչ հավանական է:
«Չի բացառվում, որ այդ հարցով Ադրբեջանի վրա ուժեղ ճնշում կա Արեւմուտքի կողմից: Ռուսաստանին, ցանկացած դեպքում, այդ ռադիոլոկացիոն կայանը չէր խանգարի»,-ընդգծեց Ալեքսանդրովը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ռուսաստանն ու Ադրբեջանն արդեն երկար ժամանակ է, որ բանակցում են Գաբալայի ՌԼԿ-ի վարձակալման ժամկետի երկարաձգման շուրջ: Սակայն Բաքուն վարձակալման ներկա 7 մլն դոլարի փոխարեն առաջարկում են 300 մլն դոլար, ինչը Կրեմլում, մեղմ ասած, այնքան էլ խելամիտ չեն համարում:
Այս կապակցությամբ, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը «Կոմերսանտին» տված հարցազրույցում նշել է, որ Երեւանը պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել իր տարածքում Ադբրբեջանի Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի նման կառույցի շինարարության հարցը:
«Ինչո՞ւ ոչ»,-ասել է նա` պատասխանելով այն հարցին, թե «Եթե Ռուսաստանը եւ Ադրբեջանը չպայմանավորվեն Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալման հարցի շուրջ, կա՞ արդյոք տարբերակ, որ Հայաստանը հավանություն կտա իր տարածքում նման կայանի կառուցմանը»:
«Եթե մեր տարածքը այդ առումով հետաքրքրություն է ներկայացնում, ապա մենք պատրաստ ենք քննարկել այդ հարցը»,-հայտարարել է նա` հավելելով, որ այդ առումով Հայաստանը կարող է առավելություններ ունենալ, քանի որ Հայաստանը լեռնային երկիր է:




























