Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը դիմել է երկրի քաղաքացիներին` կոչ անելով գնել Վենեսուելայում արտադրված մրգային հյութեր, ոչ թե ներկրվող Cola-Cola եւ Pepsi:

Հուլիսի 22-ին, իր հեռուստաուղերձում նա գովազդել է Uvita հյութը, որն արտադրում է Վենեսուելայի պետական ձեռնարկություններից մեկը, ինչպես նաեւ տեղական գինին, հաղորդում է Lenta.ru-ն:

Այսպիսով, Չավեսը հույս ունի մեծացնել հանրային արտադրանքի սպառման ծավալները: Երկրի առաջնորդը հաճախ է կոչ անում առողջ սնունդ ընդունել եւ չգործածաել թմրանյութեր ու ալկոհոլ: Միաժամանակ նա տեղական գինի է գովազդում:

Վենեսուելայի ՀՆԱ-ում գյուղատնտեսության մասնաբաժինը կազմում է շուրջ 4 տոկոս: AP-ի տեղեկատվության համաձայն, երկիրը օգտագործվող սննդի եւ հյութերի մեծ մասը ներկրում է:

Նախագահ Չավեսը, որն իշխանության է արդեն 13 տարի, իրականացնում է «21-րդ դարի սոցիալիզմի» քաղաքականություն: Դա ենթադրում է տնտեսության պետական վերահսկողության մեծացում, մասնավորապես, շահութաբեր ոլորտների, առաջին հերթին նավթային սեկտորի ազգայնացում: