Հայտնի կուբացի այլախոհ, քաղաքացիական իրավունքի մարտիկ, Սախարովի անվան մրցանակի դափնեկիր Օսվալդո Պայան, հուլիսի 22-ին զոհվել է Գրանմա նահանգի Բայամո քաղաքի մոտ տեղի ունեցած ավտովթարից: Այս մասին Կուբայում աշխատող ամերիկյան Radio Marti ռադիոկայանին հայտնել է ընդդիմադիրի այրին, հաղորդում է RBK-ն:
Նրա հետ միասին զոհվել է նաեւ Քրիստոնեական ազատագրական շարժման ներկայացուցիչ Առնոլդ Սեպերոն: Կուբայի պաշտոնական լրատվամիջոցները ավտովթարի մասին լռում են: Կառավարամետ լավ տեղեկացված բլոգերը հայտնել է, որ ավտոմեքենան, որում եղել են քաղաքացիական գործիչները, բախվել է ծառին:
BBC-ի տվյալներով, նույն մեքենայում են եղել իսպանական El Mundo թերթի թղթակիցն ու Շվեյցարիայի մի քաղաքացի: Մեքենան վարձակալությամբ են վերցրած եղել:
Վիրավոր արտասահմանցիներին տեղափոխել են հիվանդանոց, իսկ զոհերի մարմինները` դիահերձարան, որի շուրջ ոստիկանությունը շղթա է կազմել:
Օսվալդո Պայան «Վարելի նախագծի» հիմադիրներից մեկն է, որը հանդես է գալիս Կուբայում բարեփոխումներ անցկացնելու համար հանրաքվե կազմակերպելու օգտին, որը քաղաքացիներին կապահովի քաղաքացիական ազատություններով: Այդ բարեփոխումների մեջ մտնում են նոր ընտրական օրենսգրքի ընդունում, համընդհանուր ընտրությունների անցկացում, խոսքի ազատություն, քաղբանտարկյալների համաներում եւ աջակցություն մասնավոր բիզնեսին:
Օ. Պայան երկու անգամ ներկայացվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի եւ ընկալվում էր որպես Կուբայի ընդդիմության ազդեցիկ դեմքերից մեկը:




























