Ազատ տնտեսական գոտիների ստեծման աշխատանքները «ՌԱՕ ՄԱՐՍ» գործարանում եւ «ԵրՄՄԳՀԻ»-ում բավարար չեն իրականացվում: Այդ մասին այսօր` հուլիսի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը: Նա ասաց, որ վերջերս է եղել Երեւանի մաթեմատիկական ինստիտուտում, գոհ չի մնացել աշխատանքների ընթացքից, եւ այդ մասին տեղեկացրել է ազատ տնտեսական գոտու օպերատոր «Սիտրոնիքս Արմենիա» ընկերությանը: Ըստ Տ. Հարությունյանի` արդեն իսկ մի քանի լուրջ ընկերություններ հաստատվել են «ԵրՄՄԳՀԻ»-ում, հետաքրքրություն են հայտնել նաեւ այլ հայտնի ընկերություններ:
Հիշեցնենք, որ 2012 թ. փետրվարի 2-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ եւ «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ տարածքներում ազատ տնտեսական գոտի ստեղծելու եւ «Սիտրոնիքս Արմենիա» ընկերությանն այդ գոտու կազմակերպիչ ճանաչելու մասին որոշման նախագծին: Նախատեսվում էր, որ ազատ տնտեսական գոտիները կստեղծվեն 2012 թ. սեպտեմբերին, սակայն ամենայն հավանականությամբ այդ ժամկետը կհետաձգվի:
Ազատ տնտեսական գոտին կունենա բարձր եւ նորարական տեխնոլոգիաների արտադրության եւ արտահանման ուղղվածություն` էլեկտրոնիկայի, ճշգրիտ ինժեներիայի, դեղագործության և բիոտեխնոլոգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, արտադրական դիզայնի եւ հեռահաղորդակցության (տվյալների/ինֆորմացիայի փոխանցման համար տեխնոլոգիական սարքավորումների, համակարգերի եւ նյութերի նախագծում եւ արտադրություն) ոլորտներում:



























