Հայտնի հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակը «Մուզ-TV» հեռուստաալիքով, նոր սեզոնից սկսած այլեւս չի վարի «Թոփ մոդել` ռուսերեն» ռեալիթի-շոուն: Սոբչակի խոսքով, իր հեռացումը քաղաքական որոշում է, իսկ ահա հեռուստաալիքը այդ որոշումը բացատրում է շոուի հայեցակարգի փոփոխությամբ:

«Ես այլեւս չեմ վարի «Թոփ մոդել` ռուսերեն» ռեալիթի-շոուն «Մուզ-TV» հեռուստաալիքով: Ինձ համար վիրավորական է, քանի որ դա հեղինակային հաղորդում է եւ ես նրա դեմքն էի: Ինձ համար նման որոշման պատճառը հայտնի է, չի կարելի աշխատել հեռուստատեսությամբ եւ ազատորեն արտահայտել սեփական կարծիքը: Ակնհայտ է, որ սա քաղաքական որոշում է, սակայն ավելի վիրավորական է, որ դա հասավ նույնիսկ ժամանցային ալիքին»,-ասել է Սոբչակը «ՌԻԱ նովոստիին»:

Նա վստահեցրել է, որ չի պատրաստվում լքել լրագրությունը եւ մտադիր է շարունակել իր ծրագիրը «Դոժդ» հեռուստաալիքում:

Միաժամանակ «Մուզ-TV»-ն հաստատել , որ հարոդ սեզոնին «Թոփ մոդել` ռուսերեն» ռեալիթի-շոուն կներկայանա նոր հաղորդավարով: Նա կլինի հայտնի մոդել, սակայն հեռուստաալիքի մամուլի ծառայությունը հրաժարվել է հայտնել նրա անունը:

Հիշեցնենք, որ հունիսին Սոբչակը հեռացրել են «Մուզ-TV»-ի տարեկան մրցանակաբաշխությունը վարողի դերից: Սոբչակը պնդում է, որ պատճառը վերեւից եկած քաղաքական հրահանգն է:

Բացի այդ, հուլիսի սկզբին Քսենյա Սոբչակը հեռացել է նաեւ «Դոմ-2» հեռուստանախագծից, որի վարողն էր 2004-ից ի վեր: