«Երեւանի ՋԷԿ» ընկերության եկամուտը 2011թ-ին կազմել է 13,34 մլրդ դրամ (մոտ 32,4 մլն դոլար): Այս մասին ասվում է ընկերության տարեկան զեկույցում:
2011 թ. ընկերության հասույթը կազմել է 51,8 մլրդ դրամ` 2010թ. ավելանալով միանգամից 52%-ով: Նշենք, որ 2010թ. ապրիլից գործարկվել է ՋԷԿ-ի նոր էներգաբլոկը` նշանակալիորեն ավելացնելով ջերմային էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը: Եթե նախկինում ՋԷԿ-ում գործում էր 50 ՄՎտ հզորության 7 ագրեգատներից միայն մեկը, ապա նոր էներգաբլոկն ունի 242 ՄՎտ հզորություն ունի:
Երեւանի ՋԷԿ-ի մաքուր շահույթը կազմել է 13,34 մլրդ դրամ: Միաժամանակ, ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնեց ընկերության կառավարման ներկայացուցիչը, ներկայիս բացթողնման սակագինը հազիվ թե հնարավոր լինի ֆինանսապես շահավետ համարել:
Հիշեցնենք, որ նոր էներգաբլոկի գործարկումից հետո բաց թողնման սակագինը նվազել է: Եթե 2010թ. այն 25,771 դրամ էր` կՎտ/ժամի համար, ապա 2011թ-ին որոշվել է 6,7 դրամ: 2012թ. սակագինը սահմանվել է մի քանի անգամ ցածր` 0,408 դրամ:
Նշենք, որ 2011 թ-ին ՋԷԿ-ն արտադրել է մոտ 1,67 մլրդ կՎտ/ժամ, ինչը կազմել է Հայաստանում արտադրվող ջերմային էներգիայի 70,4%-ը:



























