Հայաստանի կառավարող Հանրապետական կուսակցությունը դրական է վերաբերվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Սամվել Բալասանյանի թեկնածությանը Գյումրիի քաղաքապետի պաշտոնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:
«Մենք դրական ենք վերաբերվում նրա թեկնածությանը, քանի որ Բալասանյանը մեծ աջակցություն է վայելում Գյումրիի բնակչության շրջանում: Մենք բազմիցս ենք ասել, որ ՏԻՄ ընտրությունները կարեւոր են մեզ համար, բայց այդ հարցում մենք ղեկավարվում ենք ոչ թե կուսակցության պատկանելությամբ, այլ բնակչության կողմից աջակցության փաստով»,-նշեց Սահակյանը:
Միաժամանակ Գ. Սահակյանը բացասական պատասխանեց այն հարցին, թե դա արդյոք նշանակում է, որ ՀՀԿ-ն աջակցելու է ԲՀԿ թեկնածուին: «Ոչ, չի նշանակում: Մենք դեռ չգիտենք, ուրիշ ով է առաջադրվելու քաղաքապետի պաշտոնում, եւ տվյալ պահին ՀՀԿ-ն դրական է դիտում Բալասանյանի թեկնածությունը»,-ասաց ՀՀԿ փոխնախագահը:




























