Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադի հակասահմանադրական կարգով հեռացումը կհանգեցնի Սիրիայում անվերջ քաղաքացիական պատերազմների։ «Ռուսաստանը մտահոգված է, որ եթե Ասադը հեռանա հակասահմանադրական ճանապարհով, ապա ընդդիմությունը եւ Սիրիայի ներկայիս իշխանությունը պարզապես տեղերով կփոխվեն, իսկ քաղաքացիական պատերազմը պարզապես վերջ չի ունենա»,- ասել է Պուտինը Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտիի հետ բանակցությունների ավարտից հետո։
Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք չենք ցանկանում, որ իրադարձությունները զարգանան ամենաարյունալի ճանապարհով»,- ընդգծել է Ռուսաստանի նախագահը։
Նա նաեւ նշել է, որ ՄԱԿ-ի ԱԽ պայմանավորվածությունների հասնելը Սիրիայում դիտորդների առաքելության ժամկետի երկարացման ուղղությամբ ապացուցում է սիրիական խնդրով կառուցողական համագործակցության հաստատման հնարավորության մասին, եւ առաջարկում է ազդել հակամարտության բոլոր կողմերի վրա: «ՄԱԿ-ի առաքելության երկարացման մասին ՄԱԿ-ում ձեռք բերված համաձայնությունները խոսում են այն մասին, որ չնայած որոշ տարաձայնությունների այն հարցում, թե որն է առաջնայինը, իսկ որը` երկրորդական, ՄԱԿ-ի հարթակում կարելի է գտնել կոմպրոմիսները, բոլոր կողմերով համաձայնության գալ հօգուտ Սիրիայի ժողովրդի»,- ասել է Պուտինը:




























