ՄԱԿ-ում հուլիսի 23-ին, տարածվել է գլխավոր քարտուղար Բան Կի-մունի` «Սովորական սպառազինության վերահսկողություն` տարածաշրջանային եւ ենթատարածաշրջանային մակարդակներում» զեկույցը: Զեկույցում մասնավորապես նշվում է, որ Արդբեջանը խախտում է Եվրոպայում սովորական սպառազինության մասին համաձայնագիրը:
Ըստ զեկույցի՝ Համաձայնագրի դերն աճել է հատկապես Հարավային Կովկասի տարածաշրջանում, որտեղ «ցավոք, Ադրբեջանն ակնհայտ սկսել է սպառազինությունների վտանգավոր մրցավազք»: Փաստաթղթում նշված է, որ 2012 թ. հունվարի 1-ի դրությամբ, Ադրբեջանն զգալիորեն գերազանցել է համաձայնագրի սահմանափակումները: Օրինակ, տանկերի քանակն Ադրբեջանի բանակում կազմում է 381 (առավելագույն 220-ի համեմատ), իսկ հրետանու միավորները` 516 (առավելագույն 285-ի համեմատ):
«Ադրբեջանի ռազմական բյուջեի բազմակի ավելացումը վերջին տարիներին (2012 թ. պաշտպանական բյուջեն կազմում է 3,47 մլրդ դոլար) եւ մշտական ագրեսիվ եւ կոշտ հակահայկական հռետորությունն ավելացնում է երկու երկրների միջեւ առկա անջրպետը, Հարավային Կովկասի տարածաշրջանում լարվածությունը, եւ լրջորեն վտանգում բանակցային գործընթացը, որն ուղղված է առկա խնդիրների` մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ադրբեջանի անպատասխանատու դիրքորոշումն այս հարցում շատ բացասական է ազդում Հայաստանի ջանքերի վրա` ուղղված տարածարջանում վստահության եւ համագործակցության մթնոլորտ ձեւավորելուն», - ընդգծված է զեկույցում:
Զեկույցը կազմվել է ՄԱԿ-ի անդամ երկրների ներկայացրած փաստաթղթերի հիման վրա։




























