Թերթը գրում է, որ քաղաքական ամառվա այս տաղտկալի շրջանում քաղաքական դաշտը փոթորկվեց Գյումրվա Վարդանիկի տապալումն ազդարարող լուրից:
Գյումրիից տագնապալի լուրեր են գալիս, թե Ղուկասյանների ընտանիքը ռմբակոծում է քաղաքը: Կրակահերթ են բացում քաղաքում՝ սպառնալով նորաթուխ քաղաքապետացուին՝ Սամվել Բալասանյանին, ով թեեւ կառուցողական ընդդիմություն ԲՀԿ-ից է, սակայն քաղաքապետ առաջադրվելու հարցում Սերժ Սարգսյանի «դաբրոն» ստացել է: Ինչ վերաբերում է կրակոցներով սպառնալիքներին, ոստիկանությունից ասացին, թե տեղեկատվությունն ուսումնասիրում են:
Ակնհայտ է, որ ընտրությունները թեժ են լինելու: Փորձեցինք պարզել, թե մյուս կուսակցությունները թեկնածուներ ունենալո՞ւ են Գյումրիում: «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասաց. «Կուսակցության ներսում, ինչպես նաեւ տեղական կառույցում քննարկում ենք հարցը, բայց դեռ վերջնական որոշում չկա, երբ որ ունենանք, կհրապարակենք՝ կիմանաք»:
Եթե «Ժառանգությունում» այս հարցի քննարկումը գոնե սկսվել է, ապա ԲՀԿ-ի ռազմավարական դաշնակիցներ ՀՅԴ-ում եւ Հայ ազգային կոնգրեսում այն չի էլ քննարկվում: Ամեն դեպքում, ՀՅԴ ԳՄ անդամ Սպարտակ Սեյրանյանը մեզ այդպես ասաց: Մեր դիտարկմանը, թե հնարավո՞ր է սատարեն Բալասանյանին, Սեյրանյանը կրկնեց նույն պատասխանը:
ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանը եւս հավաստիացրեց, որ որեւէ քննարկում չեն սկսել. «Երբ որ մենք կամփոփենք քննարկումները եւ կկայացնենք որոշում, այդ մասին տեղյակ կպահենք հասարակությանը»: Ըստ Մուսինյանի՝ Բալասանյանին պաշտպանելու հարցն էլ չի շոշափվել: Պարզվում է՝ իշխող կուսակցությունում եւս հստակ որոշում չկա:
Գալուստ Սահակյանը փորձում էր վստահեցնել, թե իրենք անգամ թեկնածուի առաջադրվելու հարց չեն քննարկում, մինչդեռ, շրջանառվող լուրերի համաձայն, Սամվել Բալասանյանն արդեն ստացել է Սերժ Սարգսյանի «դաբրոն» եւ ինքն էլ կդառնա Վարդան Ղուկասյանի իրավահաջորդը»,- գրում է «Հրապարակը»:




























