Կոլորադո նահանգի Ավրորա քաղաքի կինոթատրոնում զանգվածային կոտորած կազմակերպած Ջեյմս Հոլմսը կանգնել է դատարանի առջեւ: Դատարանում հանցագործը ոչ մի զգացմունք չի արտահայտել եւ քնկոտ տեսք է ունեցել:

24-ամյա Հոլմսը մեղադրվում է հանդիսատեսներին կրակելու մեջ, որոնք հավաքվել էին «Խավարի ասպետը. Լեգենդի վերածնունդը» ֆիլմի պրեմիերան դիտելու, սպանել է 12 մարդու եւ վիրավորել 58-ին: Ինչպես հայտնում է BBC-ին, 9 վիրավորների վիճակն օրհասական է:
Դատարանը որոշել է մինչեւ դատական քննության սկսվելը Հոլմսին կալանքի տակ պահել Սենտինիալ քաղաքի բանտում`առանց գրավի դիմաց ազատելու իրավունքի:

Ըստ մեղադրող կողմի` Հոլմսը ներխուժել էր կինոթատրոն Բեթմենի մասին ֆիլմի երեկոյան ցուցադրության ժամանակ, արցունքաբեր գազով ռումբեր է նետել դահլիճ, որից հետո անկանոն կրակ է բացել հանդիսատեսների ուղղությամբ: 

Դատավարության առաջին փուլում Հոլմսի նկատմամբ առաջին աստիճանի սպանության 12 մեղադրանք կառաջադրեն` այսինքն կանխամտածված եւ նախապես ծրագրած: Հետագայում  կլինեն նոր մեղադրանքներ: Դատախազները պետք է պաշտոնապես մեղադրանք ներկայացնեն հուլիսի 30-ին:

Դատախազությունը քննարկում է Ջեյմս Հոլմսի համար մահապատիժ պահանջելու հնարավորություը: Այդ որոշումը կկայացվի զոհվածների հարազատների հետ խորհրդակցելուց հետո: