Հուլիսի 23-ին Իրաքում ահաբեկչությունների շարքի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 110 մարդու: Վիրավորների թիվն աճել է 275-ի: Նախկինում հաղորդվում էր 90 զոհերի եւ 140 վիրավորների մասին: 

Ինչպես Associated Press-ին վկայակոչելով հայտնում է rbc-ն, ահաբեկչության պատասխանատուները ճշտված չեն: Ըստ անվտանգության մարմինների` ահաբեկչություններն իրականացրել է  «Ալ Կաիդա» խմբավորման իրաքյան  թեւը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հուլիսի  23-ին գրոհայինները հարձակվել էին Իրաքի հյուսիս-արեւելքում գտնվող Ուդեյմ (Udaim) քաղաքի ռազմակայանի վրա` սպանելով 13 զինծառայողների: 

Երկրի մայրաքաղաքում գրոհայինները պայթուցիկ են կիրառել կառավարական շենքի մոտ:

Նաեւ հաղորդվել էր, որ եւս մի քանի պայթյուններ են տեղի ունեցել Բաղդադում, իսկ երբ  դեպքի վայրերից մեկում ժամանել են ոստիկանները եւ բժիշկները, ահաբեկիչ մահապարտը եւս մեկ պայթուցիկ է գործի դրել: Երկրի հյուսիսում գտնվող Կիրկուկ քաղաքում  պայթել են ականապատ  4 մեքենաներ:

Ահաբեկչությունների շարք, որոնց նպատակը եղել են  անվտանգության ծառայությունները եւ ոստիկանության աշխատակիցները, տեղի է ունեցել նաեւ Իրաքի արեւելքում գտնվող Դիալա նահանգում: