Սիրիայի կողմից քիմիական զենքի կիրառման դեպքում Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է պատասխանատվություն կրի իր արարքի համար: Նման նախազգուշացմամբ է հանդես եկել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, երբ Սիրիայի ԱԳՆ-ի ղեկավար Ջիհադ Մաքդիսին հայտարարել էր, որ իր երկիրը քիմիական զենք ունի եւ կարող է այն կիրառել արտասահմանյան ներխուժման դեպքում:
«Հաշվի առնելով սիրիական վարչակարգի տիրապետության ներքո գտնվող քիմիական զենքի քանակությունը` մենք ցանկանում ենք, որ Ասադը եւ նրա մերձավորներն իմանան, որ աշխարհը նրանց է նայում, եւ նրանք պատասխան պետք է տան միջազգային հանրության եւ ԱՄՆ-ի առաջ այն դեպքում, եթե ճակատագրական սխալ թույլ տան` քիմիական զենք կիրառելով», - Նեւադա նահանգում ելույթ ունենալով ասել է Օբաման:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հուլիսի 23-ին Դամասկոսի մամլո ասուլիսում Մաքդիսին հայտարարել էր, որ ոչ մի քիմիական կամ կենսաբանական զենք չի օգտագործվել եւ չի օգտագործվի սիրիական ճգնաժամում` անկախ նրա զարգացման ընթացքից: Նա հայտարարել էր, որ տվյալ զենքերը պահվում են հատուկ պայմաններում` ՍԱՀ-ի զինված ուժերի վերահսկողության տակ եւ կարող են կիրառվել օտարերկրյա միջամտության դեպքում:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», ավելի վաղ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին հայտարարել էր, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը վերահսկում է երկրի քիմիական զենքի պահեստը: Քարնին նշել էր, որ Ասադի կողմից քիմիական զենքի կիրառման դեպքում նա պատասխան պետք է տա իր արարքի համար:
Ավելի վաղ Պենտագոնն Ասադին կոչ էր արել անգամ մտքով չանցկացնել քիմիական զենքի կիրառումը: Նման հայտարարությամբ էր հանդես եկել նաեւ պետդեպատամենտը:
Ինչպես հաղորդում է BBC-ն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը նույնպես հայտնել էր իր անհանգստությունը` ասելով, որ զանգվածային ոչնչացման ցանկացած տեսակի զենքի կիառումը «դատապարտման է արժանի»:




























