«Սեւծովյան խաղեր» փառատոնի վոկալային մրցույթում գլխավոր մրցանակն ստացել է Հայաստանցի 14-ամյա Պատրիցան:Հուլիսի 22-ին ավարտված փառատոնը կայացել է ուկրաինական Սկադովսկում:

Փառատոնային 6 օրերի ընթացքում ստեղծագործական մրցույթեր են անցկացվել 6-17 տարեկան երեխաների միջեւ` ստեղծագործական մի քանի անվանակարգերում, որոնցից գլխավորները վոկալն ու խորեոգրաֆիան էին: Կազմակերպիչներն առաջարկել են նաեւ թատերական եւ օրիգինալ ժանրի մրցույթներ, նկարների եւ խաղային ծրագրերի մրցույթ:

Վոկալի մրցույթի երկրորդ փուլին մասնակցել են 66 վոկալիստներ, վոկալային 13 խմբեր, պարային մրցույթում` 21 խմբեր, գրում է Analitika.at.ua-ն:

Այս տարի «Սեւծովյան խաղեր» փառատոնը միջազգայինի կարգավիճակ է ստացել. Փառատոնի շրջանակում ելույթ են ունեցել երեխաներ Կուբայից, Լիտվայից, Նիդեռլադներից, Ռուսաստանից, Բելառուսից, Մոլդովայից, Ռումինիայից, Հայաստանից եւ Ուկրաինայից: Փառատոնի մրցութային ծրագրերում մասնակցել են 2000-ից ավելի երեխաներ, որոնք իրենց ստեղծագործական բազմակողմանի տաղանդներն են ցուցադրել:  Սկադովսկում հանգստացող եւս 3000 երեխաներ մասնակցել են կառնավալի եւ փառատոնի այլ միջոցառումների:

Խորեոգաֆիկ մրցույթի գլխավոր մրցանակը շահել է մարզա-էստրադային «Ֆուրոր» պարային անսամբլը (ք. Կրեմենչուկ, Ուկրաինա):