Տաջիկստանում ձերբակալվել են Ազգային անվտանգության պետական կոմիտեի գեներալ Աբդուլլո Նազարովի սպանության  կասկածյալները: Ինչպես հաղորդել է Տաջիկստանի ՆԳՆ-ի աղբյուրը, նրանք ձերբակալվել են երկրի արեւելյան Խորոգ քաղաքում:

Հիշեցնենք, 56-ամյա Նազարովը, որը գլխավոում էր Ազգային անվտանգության պետական կոմիտեի շրջանային վարչությունը, սպանվել էր հուլիսի 21-ի ուշ երեկոյան` Գորնո-Բադաշխանի ինքնավար մարզի վարչական կենտրոն Խորոգից 2 կմ հեռու: Աբդուլլո Նազարովը մահացել է հարձակման արդյունքում դանակի հարվածներից ստացած վերքերից: Գեներալը ծառայողական գործուղումից էր վերադառնում, երբ անհայտ անձինք կանգնեցրել են նրա մեքենան: Ինչպես քննիչներն են ենթադրում, բարձրաստիճան զինվորականի սպանությանը մասնակից է ծխախոտի մաքսանեգությամբ զբաղվող անձանց խմբավորում:

«Երկու ձերբակալվածներն էլ կասկածվում են գեներալի վրա հարձակում գործելու մեջ», - «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է զրոուցակիցը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:  ՆԳՆ-ում ընդգծում են, որ բոլոր մասնակիցներին բռնելու գործողությունները շարունակվում են:

Կատարված հանցագործությունից հետո Խորոգ է մեկնել հանրապետության ներքին գործերի նախարար Ռամազոն Ռախիմովը, որը հանցագործության մասնակիցներին կոչ է արել հանձնվել իշխանություններին: Նման դիմումով նա հանդես է եկել շրջանային տեղական հեռուստատեսությամբ:

Որոշ տվյալներով` երկրում են նաեւ Ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Սայիդմումին Յաթիմովը եւ պաշտպանության նախարար Շերալի Խայրուլոեւը: Ձեւավորվել է օպերատիվ շտաբ, որը ղեկավարում է գլխավոր դատախազի տեղակալը` հանրապետության գլխավոր զինդատախազ Խայրուլո Սայիդովը: