Մերձմոսկվայում հայերն ու վրացիները կասկածվում են մարդ առեւանգելու մեջ:

Ըստ «ՌԻԱ նովոստիի», իրավապահները Մերձմոսկվայում ձերբակալել են երեք մարդու, ովքեր, ըստ քննության տվյալների, առեւանգել են գործարարի եւ նրա ազատ արձակման դիմաց պահանջել 50 մլն ռուբլի:

Հունիսի 28-ին անհայտ անձինք մեքենան են նստեցրել Կունցեւսկիի շինարարական շուկայում աշխատող անհատ ձեռներեցին եւ անհետացել: Ավելի ուշ իրավապահներին հաջողվել է պարզել, թե որտեղ են գտնվում հանցագործներն ու պատանդը:

Հուլիսի 18-ին, դինցովոյի շրջանի Պոկրովսկոյե գյուղի տներից մեկում նրանք գտել եւ ազատել են գործարարին, ինչպես նաեւ ձերբակալել են ենթադրյալ առեւանգողներին` երկու հայի եւ մեկ վրացու:

Քննության վարկածով, չարագործները գործարարին տանել են Պոկրովսկոյե գյուղի տներից մեկը, որտեղ պարբերաբար ծեծի են ենթարկել, սպառնացել են հաշվեհարդարով եւ հեռախոսով նրա 34-ամյա որդուց 50 մլն ռուբլի  են պահանջել:

Հարուցվել է քրեական գործ «նախնական համաձայնությամբ, շահադիտական նպատակներով, խմբի կողմից մարդու առեւանգումը, որը վտանգավոր է նրա կյանքի կամ առողջության համար» հոդվածի հատկանիշներով: Այս հոդվածը նախատեսում է առավելագույնը 10 տարվա ազատազրկում: Կասկածյալները կալանավորված են: