Լոս Անջելեսում Հայաստանի նստավայրում, օրերս տեղի է ունեցել Հայ-մեքսիկական աշխատանքային խմբի հերթական հանդիպումը, որին մասնակցել են հայ եւ մեքսիկացի գործարարներ, Լոս Անջելեսի մարզի  պաշտոնյաներ, ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ:

2009 թվականին ստեղծված աշխատանքային խմբի նպատակն է խթանել Քալիֆորնիայի հայկական եւ մեքսիական համայնքների միջեւ առեւտուրը, ներգրավվել միմյանց շուկաներում եւ մշակել փոխշահավետ բիզնեսի ծրագրեր: Հայկական կողմի համար համատեղ ծրագրերի իրագործումը նշանակալից է հատկապես Քալիֆորնիայի ամենաազդեցիկ` մեքսիկական համայնքի հետ սերտ կապեր ստեղծելու տեսակետից, քանի որ  ԱՄՆ խոշորագույն տնտեսությունն ունեցող նահանգում մեքսիկական համայնքն ունի տնտեսական եւ քաղաքական գերիշխող դիրք:

Հայ-մեքսիկական աշխատանքային խմբի հերթական հանդիպման ժամանակ  Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը հայտարարել է  Հայ-լատինական գործարար խորհուրդ ստեղծելու նախաձեռնության մասին: Այն կղեկավարեն երկու կողմը ներկայացնող փորձառու գործարարներ Վահե Կարապետյանը եւ Միգել Գոնսալեսը: Նրանք կհամակարգեն հայ եւ մեքսիկացի բիզնեսմենների հետագա շփումը` համատեղ գործարար-ծրագրեր մշակելու նպատակով:

Հայ-մեքսիկական գործարար հանդիպման ավարտին երկու համայնքների մի քանի տասնյակ ներկայացուցիչները ինտերակտիվ հարց ու պատասխանի շնորհիվ հնարավորություն են ունեցել անմիջական մթնոլորտում ծանոթանալ պոտենցյալ գործընկերների հետ:  Հայկական կողմը կազմակերպել էր նաեւ հայկական կոնյակի, քաղցրավենիքի եւ պահածոների համտես: