ԱՄՆ-ում կալանավորվել է 24-ամյա ներկարար Քեյսի Ֆյուրին, ով Պենտագոնին 400 մլն դոլարի վնաս է պատճառել: Երիտասարդը մեղադրվում է հուլիսի 23-ին ատոմային Miami սուզանավը եւ մայիսի 16-ին Մեն նահանգում ռազմածովային նավաշինարանը հրդեհելու մեջ:

Ինչպես հաղորդում է Federal Press-ը` վկայակոչելով France-Presse-ը, առաջին հրդեհի հետեւանքով 7 մարդ այրվածքներ է ստացել: Նավում բռնկված հրդեհը մարելու համար պահանջվել է 10 ժամ: Նշվում է, որ սուզանավում գտնվող ատոմային ռեակտորը չի տուժել: Բացի այդ, հրդեհի ժամանակ այն անջատված է եղել:

Kennebec Journal-ի փոխանցմամբ, Փորթսմութում Ռազմածովային ուժերի նավաշինարանի 24-ամյա աշխատակից Քեյսի Ջեյմս Ֆյուրին սկզբում հրաժարվել է ընդունել մեղքը, սակայն ավելի ուշ նա իր վրա է վերցրել հունիսի հրդեհի պատասխանատվությունը, պատմելով, որ հրդեհել է նավն այն բանից հետո, երբ վիճել է նախկին ընկերուհու հետ: Նրա խոսքով, այդ պահին նրան գործողությունների է դրդել աշխատանքից հեռացվելու ցանկությունը:

Հարցաքննության ընթացքում, որի ժամանակ ստի դետեկտոր է կիրառվել, նա խոստովանել է առաջին հրդեհին իր առնչությունը:

Ֆյուրին հրդեհելու համար սուզանավի ներս է տարել փոշեկուլ եւ փալասի կտորներ, որոնք նա դրել է իրար հետ եւ կրակի տվել:

Հայտնի է, որ չարագործը տառապել է դեպրեսիայով եւ դեղահաբեր էր ընդունում: Այդ օրը նա պարզապես ցանկանում էր ժամանակից շուտ տուն հասնել: Նրան սպառնում է 250 հազար դոլարի տուգանք եւ ցմահ ազատազրկում: