Nabucco West նախագծի կոնսորցիումը պատրաստ է բանակցություններ սկսել Տրանսանատոլիական գազամուղի (TANAP) հետ միավորվելու շուրջ: Այս մասին հայտնել է Nabucco Gas Pipeline International-ի մամուլի քարտուղար Քրիստիան Դոլեզալը:

Նրա խոսքով, այդ հարցով բանակցությունները կսկսվեն մոտակա ամիսներին, հաղորդում է «Նեֆտ Ռոսիին»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան հունիսի 26-ին  միջկառավարական համաձայնագիր են ստորագրել Տրանսանատոլիական գազամուղի (TANAP) իրագործման վերաբերյալ: TANAP-ում 20 տոկոս մասնաբաժինը պատկանում է թուրքական BOTAS ընկերությանը, իսկ 80 տոկոսը` ադրբեջանական SOCAR-ին:

Գազատարի նախնական թողունակությունը կկազմի տարեկան 16 մլրդ խմ: Մոտ 6 մլրդ խմ-ն կհատկացվի Թուրքիային, մնացածը կմատակարարվի Եվրոպային:

Nabucco West-ը նախատեսում է 1300 կմ երկարությամբ խողովակաշարի շինարարություն` Ադրբեջանից գազը Եվրոպա հասցնելու համար: Ներկայումս նախագծի բաժնետերեր են հանդես գալիս ավստրիական OMV-ն, հունգարական FGSZ-ն, բուլղարական Bulgargaz-ը, ,ռումինական Transgaz-ը, թուրքական Botas-ն ու գերմանական RWE-ն:

Դոլեզալը նշել է, որ գազատարի շինարարությունը կսկսվի, երբ վերջնական ներդրումային որոշում կկայացվի: Շինարարությունը կտեւի մոտ 3-4 տարի, ասել է նա: