Բեթմենի մասին նոր` «Խավարի ասպետը. Լեգենդի վերածնունդը» ֆիլմը, որի պրեմիերայի ժամանակ հանդիսատեսներից մեկը զանգվածային կոտորած էր կազմակերպել կինոթատրոնում, հանգստյան օրերին ԱՄՆ-ի եւ Կանադայի վարձույթներում հավաքել է 160,9 մլն դոլար:

Փորձագետները կանխատեսել են, որ ֆիլմը կվաստակի 175-195 մլն դոլար: Նրանց կարծիքով, գումարների հավաքման վրա ազդեցություն է ունեցել ողբերգությունը, որի հետեւանքով զոհվել էր 12 եւ վիրավորվել` 60 մարդ: Այ դեպքից հետո, որոշ երկրներում չեղյալ էին հայտարարվել ֆիլմի ցուցադրումները, իսկ կինոընկերությունները որոշել էին հետաձգել ֆիլմից ստացվող եկամուտների մասին տեղեկությունների հրապարակումը: Բացի այդ, շատերը հրաժարվել էին այս հանգստյան օրերին կինոթատրոններում դիտել ֆիլմը եւ հետ էին տալիս տոմսերը:

Այդուհանդերձ, ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, ֆիլմից ստացված հասույթը գերազանցել է Բեթմենի մասին նախորդ` 2009 թվականին նկարահանված ֆիլմի հասույթը: Այն ժամանակ «Խավարի ասպետն» ստացել էր 158,4 մլն դոլար: