Վիլնյուսցի ոսկերիչ Արվիդաս Գուրյավիչուսին ձերբակալել են այն բանի համար, որ նա իր պատշգամբում կախել էր ԽՍՀՄ-ի, ինչպես նաեւ խորհրդային Հայաստանի դրոշները: Այդ մասին հայտնում է Delfi.lt: Նրան մեղադրել են  խորհրդային ժամանակվա խորհրդանիշները ցուցադրելն արգելող օրենքը խախտելու մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը` հուլիսի 22-ին: Նախօրեին` հուլիսի 21-ին, Լիտվայի ԽՍՀՄ-ին միանալու տարեդարձն էր, սակայն Գուրյավիչյուսը պնդում է, որ կախել է դրոշներն այլ պատճառով: Ոսկերիչի խոսքով` կիրակի նա այցելել է հնամաշ իրերի շուկա, եւ այնտեղ ծանոթացել է մի մարդու հետ, ով ցանկացել է իրենից գնել այդ սովետական դրոշները:  Նրանք եկել են ոսկերիչի տուն, սակայն բավականաչափ տեղ չի եղել, որ բացեն դրոշները (հավանաբար, որպեսզի գնորդը դրանք ավելի լավ տեսնի), այդ պատճառով էլ դրանք կախել են պատշգամբից: Այդ ժամանակ զանգահարել է ոսկերիչի ընկերուհին, եւ խնդրել է, որ նա իրեն դիմավորի: Նա դուրս է եկել դիմավորելու, իսկ երբ վերադարձել է, գնորդն արդեն տանը չի եղել, իսկ նրան սպասել են ոստիկանները:

Պարզվել է, որ մի վիլնյուսցի, տեսնելով սովետական դրոշները, բարկացել է եւ զանգահարել ոստիկանություն: Ոսկերիչը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, նրա նկատմամբ հարուցվել է վարչական գործ: Այժմ նրան սպառնում է 500- 1000 լիտ (շուրջ 175-350 դոլար) տուգանք:

Սովետական եւ նացիստական խորհրդանիշները ցուցադրելու արգելքը Լիտվայում գործում է 2008 թվականից, հայտնում է Lenta.ru-ն: