Վայոց Ձորում հուլիսի 22-ին ավտոմեքենայի ձորը շրջվելու եւ այրվելու հետեւանքով  «Այրվածքների եւ Ճառագայթային բժշկության» կենտրոն տեղափոխված 35-ամյա Արթուր Սարգսյանի եւ ուղեւոր`  38-ամյա Արեւիկ Գրեյանի կյանքին վտանգ է սպառնում: Այս մասին NEWS.am-ի թղթակիցն հայտնեց «Այրվածքների եւ Ճառագայթային բժշկության» կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանը:

Նրա խոսքով` տաքսու վարորդ 27-ամյա Արթուր Սարգսյանն ունի 26 տոկոս այրվածք, նրա վիճակը համեմատաբար կայուն է, սակայն վերքերը շատ խորն են: Մյուս ուղեւորը` 38-ամյա Արեւիկ Գրեյանն ունի 56 տոկոս այրվածք, նա գտնվում է շատ ծանր վիճակում, այրվել են նույնիսկ շնչուղիները: Նրանք գտնվում են Վերակենդանացման բաժանմունքում եւ առաջիկա օրերի ընթացքում ավելի հստակ կլինի, թե ինչ վիճակում են:

Մեր տեղեկություններով` տաքսու վարորդը երեք ուղեւորներին` Արեւիկ Գրեյանին, ինչպես նաեւ մեքենայում այրված 41-ամյա Քրիստինե եւ 11-ամյա Արթուր Դանիելյաններին բերում էր Երեւան: Մեր աղբյուրները նաեւ հայտնեցին, որ վթարն առաջացել է տաքսու գազի բալոնի պայթյունի հետեւանքով:

Բանն այն է, որ փակ տարածքում գազի բալոն տեղադրելը ռիսկային է, մինդեռ մեր ավտոմեքենաներում գազի բալոնները տեղադրվում են բեռնախցիկում եւ գազի փոքր արտահոսքի դեպքում, անվտանգության կանոնները չպահպանելու արդյունքում հետեւանքները կարող են անդառնալի լինել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վայոց Ձորում ավտոմեքենան շրջվել է ձորը եւ այրվել, ինչի հետեւանքով երկու ուղեւորներ այրվածքներ տեղափոխվել են հիվանդանոց, իսկ երկուսը ավտոմեքենայի մեջ այրվել են: Հրշեջ-փրկարարները մեքենայից դուրս են բերել Երեւանի բնակիչներ` 41-ամյա Քրիստինե եւ 11-ամյա Արթուր Դանիելյանների այրված դիերը եւ հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին: 

Լուսանկարը` Էդվարդ Արզումանյանի