Վերջին 13 տարում Հոնգկոնգում ամենաուժեղ թայֆունի` «Վիսենտե»-ի, հետեւանքով, տուժել է 100 մարդ: Փոթորկին տվել են բարձրագույն` վտանգի 10-րդ մակարդակ:
Հուլիսի 23-ին իշխանությունները որոշել են փակել օդանավակայանները եւ նավահանգիստները` թայֆունի սպառնալիքի պատճառով:
Չեն գործում նաեւ դպրոցները, բորսաները եւ որոշ ձեռնարկություններ: Չեղյալ են հայտարարվել 15 չվերթներ, շուրջ 200 չվերթ հետաձգվել է:
Ինչպես հաղորդում է «Իզվեստիան», թայֆունը քաղաքին հարվածել է այսօր` հուլիսի 24-ի գիշերը: Քամու արագությունը հասել է 140 կմ/ժամի: Առավոտյան վտանգի մակարդակը նվազել է 3-ի, իսկ ֆոնդային բորսան ուշացումով սկսել է իր աշխատանքը:
Տուժածներից ամենափոքրը 4 տարեկան է, իսկ ամենատարեցը` 86: Հոնգկոնգի կառավարությունը 24 ժամանակավոր ապաստան է բացել, որոնցում ապաստանել է 250 մարդ:
Որոշ շրջաններում թայֆունը ուժեղ ջրհեղեղի առիթ է դարձել:











