Համակարգչային խաղերով ու համացանցով տարվելը տղամարդկանց համար ավելի վտանգավոր է, քան թվում է: Այդ մասին հայտնել է Սթենդֆորդի համալսարանի պրոֆեսոր Ֆիլիպ Զիմբարդոն:

Գիտնականի տվյալներով` համակարգչային խաղերով եւ առցանց պոռնոֆիլմերով չափից դուրս տարվելը ձեւավորում է անհաջողակ տղամարդկանց մի ամբողջ սերունդ, որոնց մեջ երիտասարդ տարիքից զարգանում է «կախվածություն գրգռվածությունից»: Որպես հետեւանք նրանք ի վիճակի չեն լինում նորմալ դրսեւորվել իրական աշխարհում եւ շրջապատի մարդկանց հետ նորմալ հարաբերություններ հաստատել, գրում է dni.ru-ն:

Իր վերջին աշխատանքում պրոֆեսորը գրում է, որ ժամանակակից կիբերտարածությունը մարդկանց ազատում է «սոցիալական էակ» մեծանալու անհրաժեշտությունից եւ հոգեբանության յուրօրինակ  «վերաբեռնավորում» է առաջացնում, որն անընդհատ սկսում է գրգռող ազդակներ պահանջել: Անհատականության նման մոդելը ազդում է դպրոցում սովորելու կարողության եւ սիրային հետաքրքրության ձգտման վրա:

Միաժամանակ, հիշեցնում է Զիմբարդոն, գիտությանը հայտնի է, որ միայնակ, երկար ժամանակ մեկուսացած ապրող մարդիկ ավելի վաղ տարիքում են մահանում, քան մարդկանց հետ հաճույքով շփվող մարդիկ: Այդ պատճառով պրոֆեսորը կարծում է, որ համացանցում անցկացրած չափազանց շատ ժամանակը հանգեցնում է իրական կյանքում դրսեւորվելու ունակության կորստին:

Թեեւ պրոֆեսորի հեղինակությանը, ոչ բոլոր փորձագետներն են նրա հետ համամիտ: Այսպես, Kotaku հայտնի կայքի խմբագրական կոլեգիայի անդամ Լյուկ Փլանքեթը հայտարարել է, որ Զիմբարդոյի եզրահանգումներն իրեն չեն բավարարում: Նրա կարծիքով  Call of Duty-ն կամ StarCraft-ը ոչ ավելին են, քան այնպիսի ավանդական խաղերի համակարգչային վարկածներ, ինչպիսիք են պասյանսները եւ «Մոնոպոլիան»: