Իսրայելը պատրաստ է լուծել Թուրքիայի հետ վիճելի հարցերը, բայց մտադիր չէ ներողություն խնդրել Անկարայից: Այս մասին թուրք լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը: «Ես հրաժարական կտամ, եթե Իսրայելը ներողություն խնդրի Թուրքիայից»,-հայտարարել է նա:
Լիբերմանն ընդգծել է, որ Երուսաղեմը պատրաստ է Անկարայի հետ քննարկել ոչ միայն ընդհանուր խնդիրներ, այլեւ «Մավի Մարմարայի» միջադեպը, Իրանի միջուկային ծրագիրը եւ մերձավորարեւելյան կարգավորումը:
«Մենք պատրաստ ենք քննարկել ոչ միայն թուրքական նավատորմի հետ կատարվածը, այլեւ Իրանի խնդիրը, Գազայի հատվածում տիրող իրավիճակը եւ այնտեղ իշխող «ՀԱՄԱՍ»-ին աջակցելու հարցը: Միակ բանը, որ չի քննարկվի, դա Իսրայելի կողմից իր քաղաքացիներին պաշտպանելու միջոցներն են»,-հայտնել է նա:
Լիբերմանի խոսքով, «Ազատության նավատորմը» իսկական սադրանք է եղել: Նա հայտաարարել է, որ եթե նույնիսկ Իսրայելը ներողություն խնդրի նավատորմի վրա հարձակվելու համար, դա ոչինչ չի փոխի, քանի որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պահանջել է նաեւ հանել Գազայի հատվածի շրջափակումը եւ վերադառնալ 1967 թվականի սահմաններին:
Իսրայելի ԱԳ նախարարի ներկայացմամբ, մի քանի տարի առաջ Էրդողանը ռազմավարական որոշում կայացրեց` տարածաշրջանային գերիշխանության հասնել Իսրայելի հետ հակամարտության միջոցով: Ընդ որում, Էրդողանը չսահմանափակվեց քննադատությամբ, այլ անցավ ուղիղ վիրավորանքների: Այդուհանդերձ, իսրայելցի նախարարը նախկինի պես Թուրքիան համարում է Իսրայելի պոտենցիալ դաշնակից: «Ժամանակը բուժում է բոլոր վերքերը»,-ամփոփել է նա:




























