Սիրիայի իշխանությունները խոստովանել են, որ երկրի տնտեսական մայրաքաղաք Հալեպում մարտեր են տեղի ունեցել զինված ապստամբների եւ օտարերկրյա վարձկանների դեմ:

Ինչպես հաղորդում է սիրիական պետական  «ՍԱՆԱ» գործակալությունը, Հալեպ քաղաքի Աս-Սուքարի եւ Սալահ-էդ-Դին թաղամասերում դաժան բախումներ են տեղի ունեցել հատուկ ծառայությունների ուժերի եւ զինված գրոհայինների միջեւ: Նահանգի պաշտոնական աղբյուրը «ՍԱՆԱ»-ի թղթակցին հաղորդել է, որ տեղի բնակիչներին ահաբեկող եւ մասնավոր ու պետական սեփականությունն ավերող տասնյակ վարձկաններ ոչնչացվել եւ վիրավորվել են: Նրանցից շատերը զենքով հանդերձ հանձնվել են իշխանություններին:

Սիրիական բանակի ստորաբաժանումները շարունակում են հետապնդել դամասկոսյան Նահր Այշա թաղամասի  զինված խմբավորումների մնացորդներին: Ոչնչացվել եւ վիրավորվել են տասնյակ գրոհայիններ: Շատ ահաբեկիչներ հանձնվել են իշխանություններին: Դամասկոսի նահանգի  Սայիդ Զեյնաբի, Ալ Խաջիրայի եւ Ադ Դիյաբիայի թաղամասերում տարածքն  ահաբեկիչներից մաքրելու գործողություն է տեղի ունեցել: Ոչնչացվել են ահաբեկիչներ: Մեծ քանակությամբ զենք է բռնագրավվել:

Իդլեբ նահանգում իրավապահ մարմինների աշխատակիցները ահաբեկիչների խմբավորումներին հետապնդելու ընթացքում նրանց մեծ կորուստներ են հասցրել: Սպանված հայտնի գրոհայինների շարքում են  հետախուզման մեջ գտնվող Մուհամադ Ալ Բեհը, Հալեդ Իսան, Աբդել Մաջիդ Ջադուան, Նասիֆ Ալ Ահմադը եւ Սաթուֆ Ռամադանը, հայտնում է Սիրիայի պետական հեռուստաընկերությունը: 

Դեր  Զորի Ալ Համիդիա եւ Դեյր ալ Աթիկ թաղամասերում  հատուկ ծառայությունների աշխատակիցները կողմից ոչնչացրել եւ վիրավորել են տասնյակ ահաբեկիչների եւ բռնագրավել  նրանց զենքը:

Հոմս քաղաքի Թել Քալյահ շրջանի Հալյաթ, Իդլին, Թեփթ Աշ Շահմ եւ աթ Թահաունա  բնակավայրերի մոտ  տապալվել են ահաբեկիչների`Լիբանանից Սիրիա  մտնելու փորձերը: Ողջ մնացած գրոհայիններն ստիպված են եղել  նահանջել Լիբանանի տարածք: