Տաջիկստանի Խորոգ քաղաքում շարունակվում է  գեներալ Աբդուլո Նազարովի սպանության կասկածյալներին ձերբակալելու հատուկ գործողությունը:  Դուշանբեի զինվորական հիվանդանոց են շարունակում  տեղափոխել կառավարական բանակի ծանր վիրավորված զինվորների, զոհվածների թիվը հարյուրի է հասնում: Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր 9 զոհերի եւ մի քանի տասնյակ վիրավորների մասին:

Գորնո-Բադախշանում անջատված են կապի բոլոր տեսակները:

Ըստ ականատեսների, որոնց հետ կապվել է BBC-ի ռուսական ծառայությունը, քաղաքի բնակիչների շրջանում խուճապ է, չեն աշխատում  պետական հաստատությունները, շուկան  եւ խանութները: 

Հատուկ գործողության ընթացքում սպանվել են Պամիրի ոչ պաշտոնական առաջնորդ Եդգոր Շոմուսալամովը եւ Թոլիբեկ Այոմբեկովի որդին, որին  իշխանությունները պաշտոնապես մեղավոր էին ճանաչել գեներալ Աբդուլո Նազարովի սպանության գործում:

Տաջիկստանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Օլիմ Շերզամոնովը գործակալությանը պատմել է, որ Պամիրում էթնիկական մաքրում է տեղի ունենում:

Ըստ պաշտոնական վարկածի` Աբդուլո Նազարովի սպանության մեջ մեղադրվում է անօրինական զինված խմբավորումը  տաջիկյան ընդդիմության  նախկին հրամանատար Թոլիբեկ Այոմբեկովի հրամանատարության ներքո:

Հաղորդվում է, որ նա հրաժարվել է  կամավոր հանձնվել եւ զինված դիմադրություն է ցուցաբերում: Նրան մեղադրում են նաեւ  թմրանյութերի եւ թանկարժեք զարդերի անօրինական վաճառքի մեջ:

Գորնո-Բադախշանը երկրի ամենաաղքատ շրջաններից է`անաշխատունակության բարձր մակարդակով: Դիտորդները կարծում են, որ շրջանում առանց սոցիալ-տնտեսական հարցերի լուծման ընդդիմադիր տրամադրությունները կաճեն: