Ռուսաստանին եւ Հայաստանին անհրաժեշտ է ամրապնդել միջխորհրդարանական դիվանագիտության հարթակը: Այդ մասին այսօր` հուլիսի 24-ին, Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի հետ համատեղ ասուլիսում նշել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Համատեղ հանդիպմանը երկու երկրների խորհրդարանների ղեկավարները քննարկել են տնտեսական, մշակութային, գիտական, կրթական ոլորտներում համագործակցության հարցեր: Առանձին նշանակություն է հատկացվել միջխորհրդարանական համագործակցության զարգացման ակտիվացմանը, այդ թվում` միջազգային կառույցներում: Հատկապես ընդգծվել է փոխադարձ կարեւորության հարցերի վերաբերյալ համատեղ դիրքորոշման ձեւավորման անհրաժեշտությունը:
Կողմերն արդյունավետ փոխգործակցություն էին գրանցել ՀԱՊԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի շրջանակում: Աբրահամյանը հիշեցրել է, որ սեպտեմբերին Երեւանում տեղի կունենա ՀԱՊԿ ԽՎ-ի հանձնաժողովի պաշտպանության եւ անվտանգութւյան հարցերով արտագնա նիստը:
«Հաշվի առնելով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տարեցտարի ամրապնդվող կապերը` մենք քննարկել ենք նաեւ խորհրդարաններում միմյանց ներկայացուցիչների ինստիտուտներ ստեղծելու հնարավորությունը», - հավելել է Աբրահամյանը:




























