Հայաստանը 2003թ-ից լինեով Քիմբերլեյի գործընթացի մասնակից-երկիր, ալմաստի հումքի առքուվաճառքն իրականացնում է միայն տվյալ գործընթացի մասնակից երկրներից: Ալմաստի հումք պարունակող ցանկացած բեռ, անկախ նրանից ներմուծվում է, թե արտահանվում, պետք է ուղեկցվի արտահանող երկրի կողմից տրված համապատասխան սերտիֆիկատով:
Հայաստանի էկոնոմիկայի նախարարության կողմից NEWS.am-ին տրված տեղեկանքի համաձայն` 2012 թ. առաջին կիսամյակում 39 հայտատու ստացել է քիմբերլեյական սերտիֆիկատ` մոտ 43 հազ. կարատ ընդհանուր ծավալով ալմաստի արտահանման համար: Ներմուծման սերտիֆիկատ է ստացել 97 հայտատու` ընդհանուր մոտ 87 հազ. կարատի համար:
Քիմբերլեյի գործընթացի մասնակից-երկրները պետք է բարենպաստ մաքսային եւ հարկային ռեժիմներ հաստատեն:
Նշենք, որ Քիմբերլեյի գործընթացը 45 երկիր է միավորում եւ նպատակ ունի կանխել ալմաստների առեւտուրը ոչ կառավարական խմբավորումների կողմից:
Հայաստանի մաքսային մարմինների տվյալներով` 2012 թ. առաջին կիսամյակում Հայաստան ալմաստ մատակարարող երկրներից են Բելգիան (21,8 հազ. կարատ), ԱՄԷ-ն (14,4 հազ. կարատ), Հնդկաստանը (12,1 հազ. կարատ), Ռուսաստանը (8,2 հազ. կարատ):



























