Հալեպում զինված բախումները հայկական թաղամասերից հեռու են ընթանում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում հայտնեց Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչ, Դամասկոսի բնակիչ Նազարեթ Էլմաջյանը:

Նրա խոսքով` զինված բախումներն ընդգրկել են Հալեպի մի քանի ծայրամասային թաղամասեր, որոնց բնակչությունն ավանդաբար  ֆունդամենտալիստական հայացքներ ունի:  Էլմաջյանը հաստատել է, որ ներկայումս սիրիական մայրաքաղաքում իրավիճակը գրեթե լիովին կարգավորվել է: Դամասկոսում գործում են խանութներն ու հաստատությունները:

Ավելի վաղ NEWS.am-ը, Սիրիայի պետական «ՍԱՆԱ» լրատվական գործակալությանը վկայակոչելով, հաղորդել էր, որ Հալեպի Աս-Սուկարի եւ Սալահ-էդ-Դին թաղամասերում դաժան բախումներ են տեղի ունենում հատուկ ծառայությունների աշխատակիցների եւ զինված գրոհայինների միջեւ: Նահանգի պաշտոնական աղբյուրը «ՍԱՆԱ»-ի թղթակցին հաղորդել էր, որ տեղի բնակիչներին ահաբեկող եւ մասնավոր ու պետական սեփականությունն ավերող տասնյակ վարձկաններ ոչնչացվել եւ վիրավորվել են: Նրանցից շատերը զենքով հանդերձ հանձնվել են իշխանություններին: