Հուլիսի 21-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանն ընդունել է Բեյրութում աշխատանքային այցով գտնվող Հայ ոսկերիչների Համաշխարհային ասոցիացիայի (AJA) գործադիր տնօրեն Արտակ Ուդումյանին: Հանդիպման ընթացքում Ա. Ուդումյանը ներկայացրել է այցի նպատակներն ու արդյունքները, ընդգծել լիբանանահայ ոսկերիչների հետ համագործակցության եւ աշնանը Երեւանում կայանալիք ոսկերիչների համաշխարհային ցուցահանդեսում նրանց մասնակցության կարեւորությունը: Բեյրութ կատարած այցի շրջանակներում AJA-ի գործադիր տնօրենը հանդիպումներ է ունեցել հայ ոսկերիչների լիբանանյան մասնաճյուղի խորհրդի անդամների հետ, ներկայացրել է AJA-ի կենտրոնական խորհրդի գործունեության հիմնական ուղղությունները, ծանոթացրել նախատեսվող հետագա ծրագրերի մանրամասներին, նշել այլ երկրներում տեղակայված խորհուրդների հետ համագործակցության խորացման եւ ընդլայնման անհրաժեշտությունը:
Հայաբնակ Անճար ավանում Ա. Ուդումյանի եւ անճարցի ոսկերիչների միջեւ կայացած հանդիպման ժամանակ տեղի է ունեցել մտքերի փոխանակում հետագա համագործակցության հեռանկարների առնչությամբ: Լիբանանահայ ոսկերիչները գոհունակություն են հայտնել կայացած հանդիպումների արդյունքներից եւ հայտնել իրենց շահագրգռվածությունը Երեւանում կայանալիք երկրորդ համաշխարհային ցուցահանդեսին մասնակցելու վերաբերյալ:



























