Ուկրաինական «Սեգոդնյա» թերթը սենսացիոն տվյալներ է հրապարակել երկրի նախկին վարչապետ, անազատության մեջ գտնվող Յուլյա Տիմոշենկոյի պատրաստվող փախուստի մասին, ով այժմ գտնվում է Խարկովի հիվանդանոցում: Պարբերականի տվյալներով, Տիմոշենկոյի փախուստի 4 տարբերակ է մշակվել, իսկ դա ֆինանսավորել է ռուսաստանցի օլիգարխ Բորիս Բերեզովսկին, ով ավելի վաղ հայտարարել էր, որ Տիմոշենկոյին տեսնում է Ուկրաինայի հաջորդ նախագահ: Այս մասին թերթին հայտնի է դարձել պետական քրեակատարողական ծառայության աղբյուրներից, ինչպես նաեւ Տիմոշենկոյի ընկերներից:

Տիմոշենկոյի կողմնակիցները մտադիր էին փախուստը կազմակերպել այն բանից հետո, երբ նա հիվանդանոցից վերադառնար Կաչանովի գաղութ:

Քննարկվել է նաեւ նրան հիվանդանոցից առեւանգելու տարբերակը:

Փախուստի պլանները խափանել է Բորիս Բերեզովսկին: Լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է, որ Տիմոշենկոյի փախուստը զրոյի կհավասարեցնի նրա քաղաքական ապագայի հեռանկարը: «Այստեղ երկու ելք կա: Կամ Տիմոշենկոն բանտից դուրս է բերում ժողովուրդը եւ նա դառնում է երկրի նախագահ, կամ նա փախչում է եւ նրան մոռացություն է սպասվում»,-ասել է Բերեզովսկին:

Ուկրաինայի խորհրդարանում Տիմոշենկոյի կուսակցության խմբակցության անդամներից Վիկտոր Շվեցը հերքել է Տիմոշենկոյի փախուստի մասին տեղեկությունները, իսկ ահա «Քաղաքացիական դիմադրություն» ՀԿ-ի համակարգող, միավորված ընդդիմության խոսնակ Ալեքսանդր Կուժելը խոստովանել է, որ փախուստի տարբերակը քննարկվել է: