Հայաստանում 2012 թվականի սկզբից ի վեր «Շտապօգնություն» ընդամենը մեկ կանչ է ստացվել արեւային հարվածի հետ կապված:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Շտաօգնություն» ընկերության տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

Նրա խոսքով, արձանագրվել է փողոցում ուշաթափության դեպք, տուժածին անմիջապես բժշկական օգնություն է ցուցաբերվել:

Հարցին, թե ինչ պետք է անեն մարդիկ` խուսափելու համար արեւային հարվածից եւ դրա հետ կապված խնդիրներից, Ստեփանյանը պատասխանել է. «Ցերեկն, առավել շոգ ժամերին պետք է խուսափել արեւի տակ մնալուց, փորձել հնարավորինս մնալ տանը, իսկ եթե դուրս գալն անհրաժեշտ է, գտնվել ստվերում»:

Ինչ վերաբերում է արեւային հարվածի դեպքում անհրաժեշտ միջոցառումներին, նա նշել է, որ պետք է շատ հեղուկ ընդունել, գլուխը ծածկել թաց կտորով, կարելի նաեւ սառը ջուր լցնել գլխին: Ցանկալի է, հնարավորինս նվազեցնել մարմնի շարժումը:

Նշենք, որ արեւային հարվածը ջերմային հարվածի հատուկ տեսակ է: Դա ցավոտ վիճակ է, երբ ուղեղի աշխատանքը արեւային ջերմության երկարատեւ ազդեցության հետեւանքով վատանում է: Որպես արեւային հարվածի սիմպտոմներից է գլխապտույտը, քթից արյունահոսությունը, բարձր ջերմաստիճանը, սրտխառնոցը: