Ահաբեկիչ Անդերս Բրեյվիկին 10 շաբաթով տեղափոխել են Իլ բանտից, որտեղ նա գտնվում է նախորդ տարվա հուլիսից: Նրան տարել են խիստ ռեժիմի մեկ այլ բանտ:

Շեյնի բանտում Բրեյվիկին տեղավորել են 3-սենյականոց խցում, որն ունի ննջարան, մարզասրահ եւ գրասենյակ: Ահաբեկչի տեղափոխումը վաղուց էր նախատեսված: Դա, առաջին հերթին, պայմանավորված է անվտանգությամբ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը` վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:

Հիշեցնենք, որ Անդերս Բրեյվիկը նախորդ տարվա հուլիսի 22-ին պայթյուն էր կազմակերպել Օսլոյի կենտրոնում եւ տասնյակ մարդկանց գնդակահարել Ուտոյա կղզու մանկական ճամբարում: Նորվեգիայում կրկնակի ահաբեկչության հետեւանքով զոհվել էր 77 մարդ: Բրեյվիկի դատավճիռը կհրապարակվի օգոստոսի 24-ին: