Վրաստանի խորհրդարանը տեղափոխվում է Քութայիսի, որը հոկտեմբերին կայանալիք ընտրություններից հետո կդառնա երկրի խորհրդարանական մայրաքաղաքը: Թբիլիսիում խորհրդարանի շենքը, հնարավոր է, մասնավորեցվի «Քեմփինսկի» ընկերությանը, որը համաշխարհային հայտնի հյուրանոցային ցանցի կառավարող ընկերությունն է:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը, ընդդիմադիր պատգամավորներն արդեն բացատրություն են պահանջել իշխանություններից խորհրդարանի շենքի մասնավորեցման վերաբերյալ եւ իրենց բողոքը հայտնել խորհրդարանն այսպես արագ Քութայիսի տեղափոխելու որոշման դեմ:
Նշենք, որ սահմանադրական փոփոխությունների համաձայն, պաշտոնապես, խորհրդարանի առաջին նիստը տեղի կունենա միայն հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո:
Բայց խորհրդարանի աշխատակիցներին արդեն հրամայել են կողմնորոշվել, թե շարունակո՞ւմ են աշխատել, այսինքն տեղափոխվել Քութայիսի, թե՞ իրենց տեղը կզիջեն նոր` քութայիսցի մասնագետների:
Երկրի նախագահ Սահակաշվիլին իր այս որոշումը բացատրում է մայրաքաղաքի ծանրաբեռնվածությունը փոքրացնելու ձգտումով:




























