Արդեն բավական երկար ժամանակ է Հայաստանում գործում է Գերմանիայի նախագահ Ֆրիդրիխ Էբերտի (1919-1925թթ.) անվան հիմնադրամի (FES) մասնաճյուղը: Մասնաճյուղի անձնակազմը համաձայնեց պատասխանել NEWS.am-ի հարցերին.
Ո՞րն է հիմնադրամի առաքելությունը Հարավային Կովկասի երկրներում:
Հարավային Կովկասում համագործակցության գրասենյակը տեղակայված է Թբիլիսիում եւ համակարգում է FES գործունեությունը Վրաստանում, Հայաստանում (1995 թ-ից) եւ Ադրբեջանում:
Բոլոր երեք երկրներում հիմնադրամի նպատակն առաջին հերթին ժողովրդավարությանը, խաղաղությանն ու սոցիալական արդարությանը հասնելուն աջակցությունն է` երկխոսության ճանապարհով, ինչպես նաեւ ուշադրության կենտրոնում են կրթական եւ հետազոտությունների անցկացման հարցերը: Հայաստանում հիմնադրամի գործունեության հիմնական գերակա ուղղություններն են.
Առաջինը` Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավումը: FES-ն աջակցում է երկու երկրների միջեւ հարաբերությունների նորմալացման գործընթացը` երկկողմ երկխոսության ակտիվացման եւ քաղաքացիական հասարակության արտերկրյա կազմակերպությունների նախաձեռնությունների խթանման ճանապարհով:
Երկրորդը` անկախ լրատվամիջոցների աջակցությունն է: FES-ն աջակցում է Հայաստանի ԶԼՄ-ներին եւ լրագրողներին իրենց իրավունքների իրացման հարցում, աջակցում է նրանց անկախության աստիճանի, պրոֆեսիոնալիզմի բարձրացմանը:
Երրորդը ժողովրդավարական ինստիտուտների գործունեության աջակցությունն է: Այն դեպքում, երբ Հայաստանի սահմանադրությունը իշխանության ճյուղերի հավասարակշռում է սահմանում, ժողովրդավարական շատ ինստիտուտներ երկրում ոչ համապատասխան կամ ոչ պատշաճ կերպով են կատարում իրենց գործառույթները: FES-ն աջակցում է հասարակական կազմակերպություններին, որպես յուրատեսակ «պահապան շների»` Հայաստանի կառավարման ինստիտուտների բարեփոխումների համար քաղաքականության ընտրության եւ Եվրոպայի հետ ինտեգրման գործընթացի արագացման ապահովման հարցում:
Մյուսը, դա ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծմանն աջակցությունն է: FES-ը փորձում է աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ փոխըմբռնման ճանապարների որոնման գործընթացին`շահերի հավասարակշռման եւ հակամարտության խաղաղ լուծման քաղաքականության մշակմանը հասնելու նպատակով:
Հիմնադրամը ի՞նչ հիմնական ծրագրեր է իրականացրել Հայաստանում անցած տարիներին:
17 տարվա ընթացքում Հայաստանում անցկացվել են միջազգային համաժողովներ, սեմինարներ` լրագրողների, տնտեսագետների, իրավաբանների, քաղաքագետների եւ ուսանողների համար: Այդ միջոցառումները բավականին շատ են, ցանկացողները մանրամասնորեն կարող են ծանոթանալ www.fes.am կայքում:
Մոտ հեռանկարում ի՞նչ ծրագրեր ունի հիմնադրամը:
Հիմնադրամնը կշարունակի իր ակտիվ հասարակական գործունեությունը Հայաստանում: Մոտ ապագայում ծրագրվում են մի շարք ուսումնական սեմինարներ պրոֆմիությունների համար: Սեպտեմբերին երկու հետազոտություն կներկայացնենք` «Մենաշնորհը ՀՀ տնտեսությունում» եւ «Սոցիալական բարեփոխումները ՀՀ-ում»: Հոկտեմբեր-նոյեմբերին միջազգային երկու համաժողով կանցկացվի` «Արեւելյան գործընկերություն» եւ «Անվտանգությունը Հարավային Կովկասում» թեմաներով:




























