Տաջիկստանում Թոլիբ Այեմբեկովի գլխավորած հանցախմբի ձերբակալման եւ վնասազերծման հատուկ գործողության ընթացքում Գորնո-Բադախշան ինքնավար մարզի Խորոգ քաղաքում ոչնչացվել են խմբի 30 անդամներ եւ ձերբակալվել 40-ը, այդ թվում Աֆղանստանի 8 քաղաքացիներ: Այդ մասին ասվում է Տաջիկստանի հանրապետության ՆԳՆ-ի եւ Ազգային անվտանգության պետական կոմիտեի հասարակական կապերի կենտրոնի մամուլի ծառայությունում: 

Հատուկ գործողության ընթացքում կառավարական զորքերն էլ են կորուստներ կրել` 12 մարդ, 23-ն էլ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:

Ըստ պաշտոնական տվյալների` խաղաղ բնակչության շրջանում զոհեր եւ վիրավորներ չկան, հայտնում է rbc-ն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հուլիսի 21-ի երեկոյան Խորոգ քաղաքի մուտքի մոտ կազմակերպված հանցախմբի հանկարծակի հարձակման ժամանակ սպանվել էր Գորնո-Բադախշանի գեներալ-մայոր Աբդուլո Նազարովը: Հուլիսի 24-ին սկսվել էր  Թոլիբ Այեմբեկովի գլխավորած հանցախմբի անդամների ձերբակալման հատուկ գործողությունը: 
Նախօրեին լրատվամիջոցները, հղում անելով ականատեսներին, հայտնել էին, որ զոհված զինվորականների եւ խաղաղ բնակիչների թիվը հարյուրի է հասնում: