Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի եւ Microsoft-ի հայաստանյան ներկայացուցչության միջեւ դեկտեմբերի 28-ին ինովացիոն կենտրոնի ստեղծման հուշագիր կնքվեց։ Բուհի մասնաշենքից մի ամբողջ հարկ տրամադրվել է կենտրոնին, որտեղ բացի դասընթացներից եւ սեմինարներից, կատարվելու են գիտահետազոտական աշխատանքներ։

Կենտրոնում ճարտարագետ-ուսանողները հնարավորություն կունենան ծանոթանալ Microsoft-ի նորարարական ծրագրերին, նաեւ իրենք կարող են նորարարական գաղափարներ առաջարկել եւ զբաղվել դրանցով։

Microsoft-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Գրիգոր Բարսեղյանի խոսքով, տեղեկատվական ոլորտի համաշխարհային առաջատար ընկերությունը նմանատիպ կենտրոնների ցանց է ստեղծել ամբողջ աշխարհում։ Ըստ նրա՝ կենտրոնում կստեղծվեն նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող նորաստեղծ ընկերությունների համար ինկուբացիոն հնարավորություններ։