Տուլայում գործարար Գեղամ Սարգսյանի ընտանիքի վրա այս տարվա ապրիլին հարձակվել էին տեղի բնակչի ցուցումով: Այդ մասին հայտնել է դատական բաժնի տարածաշրջանային վաչության մամլո քարտուղար Օլգա Դյաչուկը: Դրանով հերքվում է այն վարկածը, որ հարձակմանը խառն են Սարգսյանի` Ռուսաստանից դուրս բնակվող հարազատները: Հարձակումն իրականացվել էր կողոպուտի նպատակով:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, 2012 թվականի ապրիլի 7-ին Ռուսաստանի Տուլայի մարզի Օկտյաբրսկայա ավանի Բոգորոդիցկայա թաղամասում երեկոյան հարձակում էր տեղի ունեցել գործարար Գ. Սարգսյանի տան վրա: Ատրճանակներով, դանակներով եւ մահակներով զինված 4 հանցագործներ ներս են խուժել եւ սկսել ծեծել ոչ միայն տանտիրոջը, այլեւ կանանց եւ 4 երեխաներին, որոնցից փոքրը 1 տարեկան է: Սարգսյանից պահանջել են հանձնել բոլոր փողերը եւ արժեքավոր իրերը: Տղամարդն արել է նրանց ուզածը, սակայն երբ հանցագործներից մեկն ասել է «Ժամանակն է կանանց հետ վերջացնելու», Գեղամը խլել է խոհանոցի դանակը եւ սպանել երեք հանցագործների: 4-րդին վիրավորել է, սակայն վերջինս փախել է: Տանտերը տեղափոխվել էր հիվանդանոց: Տվյալ փաստով քրեական գործ էր հարուցվել «Երկու եւ ավելի անձանց սպանություն» հոդվածով:
Մայիսի 30-ի լույս 31-ի գիշերը Մոսկվայի շրջանի տարածքում ձերբակալվել էին հարձակման կազմակերպիչը, միջնորդը եւ 4-րդ հարձակվողը:
Ըստ Դյաչուկի`քննությունը կարծում է, որ այս տարվա մարտին ձերբակալված Աբուլաձեն նույն գաղութի բանտարկյալ Չերեպովսկուն առաջարկել է մասնակցել քաղաքացիների վրա հարձակումներին, որի համար խոստացել էր կողոպուտի 5-րդ մասը: Չերեպովսկին համաձայնել էր եւ զանգահարել իր ծանոթ Կոզլովին, որը պետք է տեղեկատվություն տրամադրեր հավանական զոհերի վերաբերյալ:
«Կոզլովը համաձայնել էր եւ հայտնել էր գործարար Սարգսյանի մասին», - ասել է Դյաչուկը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
2012 թվականի ապրիլի 7-ին Աբուլաձեն եւ եւս 3 մարդ ժամանել են Բոգորոդիցկ, որտեղ հանդիպել են Կոզլովին:
Զինված հանցագործները ներխուժել են Սարգսյանի տուն, սակայն գործարարը նրանց հակահարված է տվել` պաշտպանելով ընտանիքին: Այդ դեպքը հասարակական լայն արձագանք էր ստացել:




























