Warner Brothers կինոստուդիան` Բեթմենի մասին վերջին`  «Խավարի ասպետը. Լեգենդի վերածնունդը» ֆիլմի արտադրողը, 1 մլն դոլար է հատկացրել Քոլորադոյում այդ ֆիլմի պրեմիերայի ընթացքում կատարված ահաբեկչության տուժածներին, որի արդյունքում 12 մարդ զոհվել, 58-ը վիրավորվել էին:

Տուժածներին օգնելու համար ստեղծված Community First Foundation հիմնադրամում կատարված ներդրումների ընդհանուր գումարը կազմում է արդեն երկու մլն դոլար: Ներդրումներ են կատարել եւ մասնավոր անձինք, եւ կազմակերպությունները, գրում է pravda.ru-ն:

Հիշեցնենք, զանգվածային սպանությունը կատարվել է Դենվերի Ավրորա քաղաքի Century 16 Movie կինոթատրոնում: 24-ամյա ամերիկացի Ջեյմս Հոլմսը` Կոլորադոյի համալսարանի նյարդաբանության ֆակուլտետի PhD ծրագրի ուսանող, ֆիլմի ցուցադրության ժամանակ կրակ է բացել հանդիսատեսի վրա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ դեպքի ականատես ամերիկացի Թորենս Բրաուն-կրտսերը փաստաբան է վարձել եւ մտադրվել դատի տալ  Warner Brothers-ին: Հայցում պատասխանողի դերում հանդես կգան նաեւ  Century 16  կինոթատրոնը եւ հանցագործի բժիշկները: Հայցվորի կարծիքով` եւ կինոստուդիան եւ կինոթատրոնի սեփականատեր ընկերությունը, եւ Հոլմսի բուժող բժիշկները մեղավոր են այդ գործում: