Բուրգասի ավտոբուսում պայթյուն կազմակերպած տղամարդը կարող էր ոչ թե հատուկ պատրաստված մահապարտ-ահաբեկիչ լինել, այլ մարդ, որին օգտագործել են: Ներկա պահին դա քննության վարկածներից մեկն է:

Բուլղարական «Ռազկրիտիա» թերթի տվյալով` տղամարդը, որին իբրեւ ահաբեկիչ են օգտագործել, կարծել է, թե թմրանյութ է տեղափոխում:

Ավելի վաղ նաեւ հաղորդվել էր, որ իսրայելցի զբոսաշրջիկներին պայթեցրած ահաբեկիչը միայնակ չի գործել: Այդ մասին նշել է նաեւ Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը: Ավելի վաղ լրատվամիջոցները, կրկին վկայակոչելով Բորիսովի հայտարարությունը, նշել էին, որ մահապարտ-ահաբեկչի ԴՆԹ-ի նմուշների կամ մատնահետքերի մասին տեղեկատվություն չկա ամբողջ աշխարհի տվյալների բազայում:

Բուլղարիայի վարչապետի խոսքով` ահաբեկիչը երկիր է ժամանել պայթյունից մեկ ամիս առաջ, հնարավոր է` Շենգենյան գոտու որեւէ երկրից: Հետքերը կորցնելու նպատակով նա մի քաղաքից մյուսն է տեղափոխվել, փոխել ավտոմեքենաները:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, բուլղարական Բուրգաս քաղաքում տեղի օդանավակայանից ոչ հեռու հուլիսի 18-ին  իսրայելցի զբոսաշրջիկներով ավտոբուս էր պայթել, որի հետեւանքով  զոհվել էր 7 մարդ, վիրավորվել` 29-ը: Իսրայելցի զբոսաշրջիկների վրա հարձակումն իրականացրել էր մահապարտ-ահաբեկիչը, որը զոհերի հետ միասին մահացել էր:

Պայթյունի արդյունքում նրա դեմքը բավական այլանդակվել է, սակայն գրպանում հայտնաբերվել է ԱՄՆ-ի քաղաքացու` Միչիգանի բնակչի կեղծ անձնագիր:  Ինչպես պարզվել է, ոչ ՀԴԲ-ի, ոչ Բուլղարիայի սահմանապահ ծառայության բազաներում այդ քաղաքացու մասին տվյալներ չկան: Միանգամայն անհասկանալի է` ինչպես է նա մտել երկիր եւ որտեղ է հանգրվանել: Պարզվել է, որ նա սահուն ռուսերեն էր խոսում եւ ճանապարհորդում էր կնոջ ուղեկցությամբ:

Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել են «Քաիդաթ ալ Ջիհադ» («Սրբազան պատերազմի հիմք») ահաբեկչական խմբավորման գրոհայինները: